Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
արահետ-նեղ ճանապարհ
բացատ-ազատ տարածություն
աբրեշում-մետաքս
գոհար-թանկարժեք քար
սոսափ-խշշոց
- Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
Ես հիշում եմ կանաչ իմ ընկերներին, արահետներին եմ հիշում ձյունի տակ, հիշում եմ բացատն ու բուքը սպիտակ: Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,և իմ մայր անտառն` ասեղնատերև, հովերն եմ հիշում գարնանային, որոնք ինձ օրորում էին:Հիշում եմ վաղորդյան ցողի գոհարը, մայրամուտի թևերն աբրեշում, հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,խարույկն եմ հիշում անտառապահի:
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
Եղևնին կարոտ էր զգում անտառից հեռու ու հիշում ամեն ինչ:
- 4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
Եղևնին չէր ափսոսում, որ էլ անտառում չի,որովհետև նա գարուն էր բերել երեխաներին և հրճվանք պատճառել:
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
Եղևնին հպարտ է նայում աշխարհին, կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
- Նամակ գրի՛ր եղևնուն:
Բարև, եղևնի’:Ես Էդգար Մուրադյանն եմ:Անհամբեր քեզ սպասում եմ` մեր տուն հյուր: Ես շատ-շատ խաղալիքներ ունեմ:Ես քեզ խոսք եմ տալիս, դու շատ գեղեցիկ կլինես և կզարդարես մեր բնակարանը: