Posted in Մայրենի

Հ․ Սահյան «Եղևնի»

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

արահետ-նեղ ճանապարհ

բացատ-ազատ տարածություն

աբրեշում-մետաքս

գոհար-թանկարժեք քար

սոսափ-խշշոց

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ կանաչ իմ ընկերներին, արահետներին եմ հիշում ձյունի տակ, հիշում եմ բացատն ու բուքը սպիտակ: Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,և իմ մայր անտառն` ասեղնատերև, հովերն եմ հիշում  գարնանային, որոնք  ինձ օրորում էին:Հիշում եմ վաղորդյան ցողի գոհարը, մայրամուտի թևերն աբրեշում, հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,խարույկն եմ հիշում անտառապահի:

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին կարոտ էր զգում անտառից հեռու ու հիշում ամեն ինչ:

  1. 4. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Եղևնին  չէր ափսոսում, որ էլ անտառում չի,որովհետև նա գարուն էր բերել երեխաներին և հրճվանք  պատճառել:

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Եղևնին հպարտ է նայում աշխարհին, կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

  1. Նամակ գրի՛ր եղևնուն:

Բարև, եղևնի’:Ես Էդգար Մուրադյանն եմ:Անհամբեր քեզ սպասում եմ` մեր տուն հյուր: Ես շատ-շատ խաղալիքներ ունեմ:Ես քեզ խոսք եմ տալիս, դու շատ գեղեցիկ կլինես և կզարդարես մեր բնակարանը: